Sunday, February 28, 2016

Մեսրոպ Մաշտոցը ԵՎ Հայ Գրերի Գյուտը

Հայ գրերի գյուտ, հայերենի այբուբենի ստեղծում (ըստ որոշ աղբյուրների՝ վերականգնում)։ Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել կամ վերականգնել է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։

 Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։
Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
― Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը:


Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։ Վաղարշապատում` Ռահ (Երասխ) գետի ափին, Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց ճոխ ընդունելություն։ Նրան դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ։

Օգտվել եմ - https://hy.wikipedia.org/wiki/Հայ_գրերի_գյուտ

No comments:

Post a Comment