Sunday, February 28, 2016

Հայ Նոր Գրականությունը

Հայ նոր գրականություն 18-րդ դարի սկզբից սկսել են ձևավորվել լուսավորական վերածննդի նախադրյալները։ Սկիզբ է առել մտավոր գրական մի շարժում, որը բնորոշվում է «նորոգություն» ընդհանուր հասկացությամբ։

Ռոմանտիզմը
Հեղափոխություն է կատարվել գաղափարախոսության մեջ. լուսավորականին փոխարինել է ռոմանտիզմի դարաշրջանը։ Մտավոր գրական նոր շարժման ականավոր ներկայացուցիչներն էին լուսավորական-ռոմանտիստները՝ Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ղևոնդ Ալիշանը։

Հայ գրականության մեջ ռոմանտիզմի սկզբնավորողներից է Մ. Թաղիադյանը, որը հալածվել է ազատամտության համար։ Գրել է բանաստեղծություններ, վեպեր («Վէպ Վարդգիսի», 1846, «Թութակ Թաղիադեանց», ժողովրդական, «Վէպ Վարսենկան...», երկուսն էլ՝ 1847), աշխատություններ («Պատմութիւն հին Հնդկաստանի», 1841 ), «Պատմութիւն Պարսից», 1846), գիտամանկավարժական ձեռնարկներ («ՄԵսրովբեան այբբենարան», «Մեսրովբեան շարադրիչ», երկուսն էլ՝ 1840)։

Ղևոնդ Ալիշանը 19-րդ դարի հայ ռոմանտիկական և հայրենասիրական պոեզիայի հիմնադիրն է. գրաբար ու աշխարհաբար բանաստեղծություններում, պոեմներում և արձակ գործերում արտացոլել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական ձգտումները, նրա պատմական անցյալի հերոսական դրվագները («Հրազդան», «Ողբամ գքեզ, Հայո՜ց աշխարհ», «Պլպուլն Աւարայրի», «Կարմիր Վարդան», «Աբգար Դպիր» և «Յուշիկք հայրենեաց հայոց», 1869-1870)։ Գրել է նաև գիտական, բանագիտական, պատմաաշխարհագրական, բանասիրական, կրոնափիլիսոփայական աշխատություններ («Քաղաքա կան աշխարհագրութիւն...», 1853, «Տե ղեկագիր Հայոց Մեծաց», 1855, «Նշմարք Հայկականք», 1870, «Շիրակ», 1881, «Սիսուան», 1885, «Այրարատ», 1890, «Սիսական», 1893, «Հայ-Բոաակ կամ Հայկական բուսաբառութիւն», 1895, և այլն)։

Դարաշրջանի հոգևոր արժեքների, ռոմանտիկական աշխարհընկալման ընդհանրացումը Աբովյանի հարուստ գրական ու գիտական ժառանգությունն է։ Գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններում («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», «Սրբաճեմ ոտից Տեառն գթութեանց», «Զգացմունք ցաւալի սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն» և այլն) անդրադարձել է անհատի և հայրենիքի ճակատագրերին, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրություններին։ Աբովյանը մտորել է գեղարվեստական գրականությանը համապատասխանեցնելու նոր ժամանակների պահանջներին, աշխարհաբարը ժողովրդին հասկանալի գրականւթյան լեզու դարձնելու մասին։

Ռոմանտիզմ և Ռեալիզմ

1850-1860-ական թվականների հայ գրականությանը հատկանշվել է 2 գլխավոր ուղղությունների՝ ռոմանտիզմի և ռեալիզմի զուգահեռ գոյությամբ, որոնք ել ընդլայնել են գրականության արտահայտչամիջոցները։ Գեղարվեստական նվաճումներից էր վեպի ծնունդը։ Սենտիմենտալ- ռոմանտիկական վիպագրության նմուշներ են ստեղծել Հովհաննես Հիսարյանը («Խոսրով եւ Մաքրուհի», 1851), Արմենակ Հայկունին («էլիզա», 1861), Հակոբ Հաճյանը («Հեղինէ», 1869) և ռեալիստական վեպեր գրել Հովսեփ Վարդանյանը («Ագապի», 1851), Պերճ Պռոշյանը («Սօս եւ Վարդիթեր», 1860), Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը («Տեր Սարդիս», 1861), Ղազարոս Աղայանը («Արութիւն եւ Մանուէլ», 1867)։

Պոեզիա

1850-1860-ական թվականներին հայ գրականության առաջատար ժանրը պոեզիան էր։ Քնարերգությունը, ազատագրվելով կլասիցիզմի կանոնականությունից, հարստացել է բնության, սիրո, կարոտի մոտիվներով։ Քնարական խոհերի առանցքում հայրենիքն է՝ որպես հոգևոր արժեքների լինելիության սկիզբ։ Միքայել Նալբանդյանի «Ազատություն», Ռափայել Պատկանյանի «Արաքսի ար տասուքը», Րաֆֆու «Ձա՞յն տուր, ո՞վ ծովակ», Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք», Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա», Սմբատ Շահազիզի «Երազ», Գևորգ Դոդոխյանի «Ծիծեռնակ», Գևորգ Միրիմանյանի «Հայոց աղջիկներ» բանաստեղծություններն ազգային, հայրենասիրական քնարերգության վառ նմուշներ են։

Իր ապրած դարաշրջանի ողջ հոգևոր փորձն ընդհանրացրել է Միքայել Նալբանդյանը։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն (պոեզիա, արձակ, գրաքննադատական, հրապարակախոսական, պատմագիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, մանկավարժական, բանասիրական աշխատություններ)։ Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհականությունը, հայրենասիրությունը, ազատասիրությունը, անցավորի ու հավերժականի տիեզրական սկզբի որոնումը, ներանձնական խոհերը («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածողություն», «ճշմարտություն», «Ապոլլոնին», «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» և այլն)։ Սզգային վեպի ձևավորման ասպարեզում նշանակալի է Նալբանդյանի դերը. «Մինին՝ խօսք, միւսին՝ հարսն» (1858) վիպակը և «Մեռելահարցուկ» (1859) վեպը հայ ռեալիստական արձակի առաջին գործերից են։ Հրապարակախոսության և գեղարվեստական ոճերի միասնություն է «Յիշատակարան Կոմս էմմանուէլի օրագրական թերթերից» (1858-1860) երկը, որտեղ արտացոլվել են ժամանակի հայ հասարակական կյանքին բնորոշ իրադարձությունները։ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ» (1854-1855), «Յառաջաբան Թափառական հրեայի» (1857) , «Հանդես նոր հայախօսութեան» (1858) , «Կրիտիկա Սօս եւ Վարդիթերի» (1863-1864) ու բազմաթիվ այլ հոդվածներով և ուսումնասիրություններով Նալբանդյանը հայ գրաքննադատության հիմքն է դրել։ Բացառիկ է նրա ավանդը հայ հրապարակախոսության ձևավորման և զարգացման մեջ («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը եւ նորա ժամանակը», 1863, հրատարակվել է՝ 1902)։

Օգտվել եմ - https://hy.wikipedia.org/wiki/Հայ_նոր_գրականություն

No comments:

Post a Comment