Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ Սասունը՝ այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր` խորունկ խավարչտին և լեռնագագաթները` ապառաժներ լերկ ժանտատեսիլ: Տաք կիրճերում՝ լեռնային կարկաչուն վտակների զմրուխտ կանաչով ափերին գալարվում էր վայրի խաղողը և նրա որթը մագլցում էր բրոնզագույն ժայռերի վրա: Աճում էր վայրի հոնը, երբեմն թուգը քաղցր մեղրաձոր: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ հյուղակները՝ ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն: Աշնանը բերքահավաքի ժամանակ՝ մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորոեն կորեկը:
Երբեմն ընկույզի մեծությամբ կարկուտն է ջարդել այդ տքնաջան մարդու արևից և խորշակից խանձված դեմքը և ցուրտը սառեցրել է նրա հոդից կոշտացած ձեռքերը: Թվում էր մինչև մահ կապրի այդ քարերի վրա և երբեք չէր ենթադրում ինչ է սպասում իրեն: Բայց տակնուվրա անելով մարդկանց միօրինակ առօրյան պայթեց՝ պատարազմը ահազարհուր ու տևական և հարցարաններ որոտացին՝ վառողի մահաբեր շունչը տարածելով լեռնաշխարհի սարսափից, ցավից ու քաղցից կծկված գյուղերում: Սկսվեց արտագաղթը և մարդիկ մահվան ահը աչքերում տեղահան եղան բռնելով օտար աշխարհների ճանփաները: Վերցնելով կնոջն ու աղջկան՝ Հազրոն ինչպես բունը կորցրած թռչուն՝ անցավ լեռից լեռ, քարանձավից քարանձավ և ահը աչքերի մեջ, մի պարզկա օր միջօեին հասավ ինչ-որ հարթավայր՝ գաղջ օդով, պղտոր դեղին գետերով՝ որոնց մեջ չէին երևում այն ականակիտ առվակները որ թավալգլոր իջնում էին հայրենի լեռների սառույցով պատված գագաթներից: Լաց եղավ կինը, լաց եղավ և Հազրոն ու սիրտը թեթևացավ: Ապա սրբելով արցունքը՝ ուսն առավ աղջկան և քայլեցին առաջ դեպի անհայտ հեռուները:
No comments:
Post a Comment