Գևորգ Բաշինջաղյանը 1876–78 թթ-ին սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879–83 թթ-ին` Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: «Կեչիների պուրակ» բնանկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի:
Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, ապա շրջագայել է Հայաստանում.
Գ. Բաշինջաղյան <<Ծովային տեսարան>> (1886 թ.) |
Մոտ 40 տարի ցուցահանդեսներ է կազմակերպել Կովկասի հայաբնակ քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում ու Փարիզում: Շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Վաղ շրջանի գործերից են՝ «Արարատ», «Կեչիով բնանկար», «Ձնհալը Կովկասում» և այլն:
Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը՝ «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:
Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: «Անդորրություն», «Ալազանի հովիտը», «Արարատը և Արաքս գետը», «Սանահինի ձորը», «Զանգեզուրի լեռներում» և այլ գործերում նա պատկերել է խաղաղ ջրերի զուլալությունը, երկնաքեր լեռների վեհությունը, կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի առասպելական գեղեցկությունը: Նրա ստեղծագործություններում գերակշռում են Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:
Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար:
Նյութը պատրաստեց Մնացականյան Գեորգին 10-3 դասարան
Լինկերը-
¨http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1008
¨http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D4%B2%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%BB%D5%A1%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6
No comments:
Post a Comment