Sunday, May 15, 2016

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։


Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտությանն մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը եղել է «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում 1862 թվականին։ «Արություն և Մանվելով» (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։ Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Տորք Անգեղի մասին։

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվականը», լույս է տեսել 1882 թվականին, հաջորդը՝ «Բանաստեղծությունները», 1890 թվականին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտը» (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի,Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

No comments:

Post a Comment