Thursday, March 21, 2013



Կենաց Ծառը


Կենաց Ծառ, առասպելական բույս դրախտում (երկնքում) աստվածներին ու արդարներին անմահություն պարգևելու համար:
Կենաց կամ տիեզերական ծառը դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ պարունակում: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:
Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել նստակեցության, երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ: Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները: Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին: Ինչպես տեսանք տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:
Որպես կենաց ծառ ընկալվել են ուռենին, թթենին, արմավենին, թզենին, խնձորենին, իսկ հայոց մեջ՝ ծիրանենին և նռնենին: Նման ծառերի պատկերներ են պահպանվել հին հայոց ձեռագիր մատյանների լուսանցքներում, մեդալիոնների վրա, հին շումերական սալիկների վրա, աքեմենյան արքաների պալատների որմնաքանդակներում, հին արևելյան դրամներում: Ծառի մասին շատ են խոսել նաև Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք:
Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ պատճառներով.
Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ:


Աղբյուրը-http://blognews.am/arm/news/35074/kenac-tsari-pashtamunqy-hayoc-ev-hin-arevelqi-zhoxovurdneri-patkeracumnerum.html

No comments:

Post a Comment